Մեր մասին

   Մինչև 2004 թվականը, համենայնդեպս հայ մարդու համար, անիրականանալի կթվար այն միտքը, որ հնարավոր է համտեսել, օրինակ, սիրելիի դեմքը: Համտեսել բառացիորեն և ուղղակի իմաստով` ընդ որում ոչ մի վնաս չպատճառելով նրան: Փաստորեն, «ուտեմ մռութդ» արտահայտությունը առավել քան հավանական դարձավ միայն 2004-ին, երբ Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը` Լիկա Մեսրոպյանը, համարձակություն ունեցավ հիմք դնելու Հայաստանում արվեստի միանգամայն նոր ճյուղի`Dessert Art-ի: Լիկան թատրոնում 15 տարվա փորձ ուներ, խաղացել էր լավագույն դերերը և լինելով ստեղծագործելու մշտական ծարավ ունեցող անհատ` ձգտում էր նորի և նորույթի: 1992 թ-ին նա հիմնել էր Հայաստանում առաջին դաջվածքների սրահը, ուներ նաև նորաձևության և դիզայնի ստուդիա: Լիկային պետք էր մի բան, որը կմիաձուլեր այն հարուստ փորձը, որը կուտակել էր այդ ասպարեզներում: Արդյունքում ծնվեց հիանալի մի գաղափար`յուրատեսակ դիզայնով, ոճով, թեմատիկայով տորթերի պատրաստում, որը կսինթեզեր արվեստագետի ներաշխարհի ու երևակայության հարստությունը, դաջվածքների զարդանախշերի նրբաճաշակությունն ու նորաձևության միտումները:
  Գաղափարը կյանքի կոչվեց` առաջացնելով մարդկանց բուռն արձագանքներն ու ոգևորությունը:
  Հրաշք-տորթերը ստացան հետաքրքիր անվանում`«Laki», որը հնչողությամբ անգլերենից (lucky) թարգմանվում է հաջողակ, բախտավոր: Փաստորեն, տորթեր հաջողակների համար, ովքեր կարողանում են իրենց կյանքը դարձնել «Laki»-ի պես քաղցր, հետաքրքիր ու անակնկալներով լի:
Այսպիսով, 5 տարվա ընթացքում ստեղծվեց տորթերի առավել քան 5000 տեսակ:
  «Laki»-ի հաջողության գաղտնիքը միայն օրիգինալ դիզայնի մեջ չէ: «Որակը երբեք չպետք է տուժի ձևի պատճառով»` սա «Laki»-ի տնօրենի հիմնական սկզբունքն է: Բարձր որակ+ինքնատիպ դիզայն. միայն այս դեպքում է երաշխավորվում ընկերության հաստատուն դիրքը շուկայում և նրա հետագա զարգացումն ու աճը: «Laki»-ի առաջնային խնդիրը որակյալ, համեղ և օգտակար տորթերի, աղանդերի պատրաստումն է: Այս արտադրամասում տորթերը պատրաստվում են այնպես, ինչպես կպատրաստվեն տանը` հարազատներին հյուրասիրելու համար: Տանտիրոջ հոգատարությամբ, բծախնդրությամբ ու սիրով պատրաստած տորթերն են, որ կարող են վստահություն շահել և արտադրամաս մեկ անգամ այցելող մարդկանց դարձնել մշտական ու պարտաճանաչ հաճախորդներ: